17 Օգոստոսի, 2018

Պատմություն

ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը հիմնադրվել է 1961 թ. Լենինական (ներկայիս՝ Գյումրի) քաղաքում ՀՍՍՀ ԳԱ պրեզիդենտ, ակադեմիկոս Վ.Հ. Համբարձումյանի նախաձեռնությամբ: Կարմիր դրոշի շքանշանակիր ինստիտուտը մեծ ճանաչում է ունեցել ԽՍՀՄում՝ համարվելով ռազմավարական նշանակության եզակի ինստիտուտներից մեկը: Ինստիտուտի ստեղծումը հանրապետության երկրորդ քաղաքում թելադրվել է կյանքի պահանջով:

Հայաստանը գտնվում է ոչ միայն Կովկասյան սեյսմաակտիվ տարածաշրջանում,այլ միաժամանակ հանքահումքային երկիր է (տարածի գրեթե 80 %- ը ծածկված է հրաբխային հզոր հոսքերով  և հրաբխային հանքատեսակներով):

Ինստիտուտի կողմից երկար տարիներ մշակված օգտակար հանածոների որոնման յուրահատուկ եղանակները, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, շենքերի և շինությունների սեյսմակայունության գնահատման մեթոդները, ինչպես նաև մշակված հայրենական արտադրության սեյսմիկ սարքավորումները ոչ միայն հանրապետության համար ունեն ռազմավարական կարևոր նշանակություն, մեծ պահանջարկ, այլև բիզնեսի կազմակերպման լայն հնարավորություն՝ ունենալով սպառման լայն շուկա:

Կազմակերպությունը գիտական գործունեություն է ծավալում հետևյալ հիմնրարար և կիրառական ոլորտներում. երկրաֆիզիկա, ռեգիոնալ երկրաֆիզիկա, հետախուզական երկրաֆիզիկա, երկրաբնապահպանություն, երկրամագնիսականություն, սեյսմաբանություն, տեսական երկրաֆիզիկա, ինժեներային սեյմաբանություն, սեյսմակայուն շինարարություն, երկրաֆիզիկական սարքաշինություն:

Ինստիտուտի առանձին գիտական ուղղությունների զարգացման գործում մեծ դեր են կատարել ժողովրդական տնտեսության խնդիրները: Այդ կապակցությամբ աշխատանքների մի զգալի մասը, բացի հիմնարար հետազոտությունների տեսության ու մեթոդոլոգիայի մշակումից, բավարարել է նաև ժողովրդական տնտեսության պահանջները, ծառայել մի շարք կիրառական խնդիրների լուծմանը: Դրանցից են «երկրաշարժերի կանխագուշակման առանձին հարցերի սկզբունքային հնարավորությունների ու յուրահատկությունների հաստատումը, սեյսմակայուն շինարարության նորմերի ճշտումը, երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացումը, շինարարական հրապարակների, ստորգետնյա, ատոմային, հիդրոտեխնիկական և այլ կառույցների ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, գեոտեխնիկական, սողանքային և սեյսմիկ պայմանների բացահայտումը, ինչպես նաև երկրաֆիզիկական նորարական գերզգայուն սարքերի նախագծումը և նրանց փոքրածավալ հայրենական արտադրությանը:

Նշված ուղղություններով նախատեսվող ուսումնասիրությունների արդիականությունը և ռազմավարական նշանակությունը պայմանավորված են Հայաստանի հանրապետության տնտեսության զարգացմանը նպաստող այնպիսի կարևորագույն խնդիրների լուծմամբ, ինչպիսիք են Հայաստանի տարածքի սեյսմիկ վտանգի և ռիսկի, երկրաբնապահպանական իրավիճակի գնահատումը, կործանարար և ուժեղ երկրաշարժերի ուսումնասիրությունը և կանխագնահատումը, հանքահումքային բազայի ընդլայնումը, երկրաէներգետիկ նոր պաշարների որոնումը, սեյսմակայուն    շինարարության տեսական հիմքերի կատարելագործումը, երկրաֆիզիկակաև սարքաշինության հայրենական արտադրության կազմակերպումը։

Նշված ոլորտներում Շիրակի մարզի գիտական օջախը իր գիտական գործունեությունն է ծավալում 5 բաժինների 11 լաբորատորիաներում, ունի փորձակոնստրուկտորական բյուրո, արտադրամաս, համալիր փորձագիտական պոլիգոն-բազա-դիտարան, առանձնահատուկ չափագիտական լաբորատորիա:

Ինստիտուտը իրականացնում է նաև հետբուհական կրթություն՝ մագիստրատուրա «Սեյսմաբանություն և սեյսմակայուն շինարարություն», ասպիրանտուրա՝ «Երկրաֆիզիկա» և «Շինարարություն» մասնագիտություններով: Ինստիտուտում գործում է նաև 040 Երկրաֆիզիկայի մասնագիտական խորհուրդը (ԻԴ.01.08 – Երկրաֆիզիկա, օգտակար հանոծոների երկրաֆիզիկական մեթոդներ մասնագիտությամբ (երկրաբանական, ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական գիտություններ):